Երեկ Արցախյան ազատամարտի մի քանի հրամանատարներ համատեղ հայտարարություն են տարածել, որով հավաստիացնում են, թե զորիբալայանական տրամաբանությամբ առաջնորդվողները պետական և ազգային դավաճաններ են: «Հայաստանի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը, այդ թվում` Արցախի ազատագրված հողերը կամ դրանց որևէ մասը մեկ այլ պետությանը կամ վերպետական կառույցին զիջելու, ինչպես նաև այդ արժեքները սակարկության առարկա դարձնելու վերաբերյալ հրապարակային հայտարարությունները կամ գաղտնի համաձայնությունները դիտվելու են որպես պետական և ազգային դավաճանություն»,- ասված է հայտարարության մեջ: Այն ստորագրած հրամանատարները սույնով հայտարարել են, որ «նման դավաճանական գաղափարների հեղինակներն ու տարածողները պատասխանատվություն են կրելու օրենքի և համազգային դատաստանի առջև»: Ինչպես երևում է, ազատամարտիկները մարտական են տրամադրված Արցախյան հարցում փոքր ինչ զիջման պարագայում անգամ: Նրանք սրանով նաև փորձում են կանխել վերջին օրերին քննարկվող վարկածը, թե Ռուսաստանը փորձում է Ղարաբաղի հարցը լուծել` այն Մաքսային միություն ներառելու ճանապարհով: Կարծում ենք, եթե հրամանատարների հայտարարությանը միանան և ազատամարտի այլ մասնակիցներ, ապա քաղաքական սակարկությունների այս հեղհեղուկ ժամանակներում ղարաբաղցին իրեն ոչ միայն ավելի ուժեղ կզգա իր հողի վրա, այլև հակառակորդը, որն այս խնդրում մեկից ավելին է` ներառելով Ռուսաստանն ու Ադրբեջանը, հարկադրված կլինի զսպել ղարաբաղյան հողի նկատմամբ սեփական նկրտումները: Նշենք, որ հայտարարությունը ստորագրել են Ասկերանի պաշտպանական շրջանի գումարտակի հրամանատար Վլադիմիր Աղասարյանը, Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը, Ստեփանակաերտի պաշտպանական 1-ին գումարտակի հրամանատար Հենրիխ Հակոբյանը, Հադրությի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Արթուր Սարգսյանը, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը և Հադրութի պաշտպանական շրջանի 2-րդ գումարտակի հրամանատար Ռոմելս Ֆաթյանը: Նկատենք, որ նրանք գրեթե բոլորը «Մարտական խաչ» շքանշանի ասպետներ են:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ